Այսօր՝ Հուլիսի 19-ին, ընդունեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին և կրթահամալիրի մանկավարժների:
Հանդիպման ընթացքում նախ խոսեցինք Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցում «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի մասին, որն իրենից ենթադրում է հեղինակային դպրոց-պարտեզ նախաձեռնության իրականացումը: Ըստ կրթահամալիրի տնօրենի «Գագարին» նախագիծն ուղղված է Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը։ Զրույցի ընթացքում Աշոտ Բլեյանը առաջարկեց իր ղեկավարած կրթահամալիրի մոդելը ներդնել նաև մարզի այլ համայնքների դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ առկա են ազատ տարածքներ և հնարավոր է շատ երեխաների համար կիրառել հանրային դպրոցի գաղափարը: Նրա խոսքով կրթահամալիրը իր ակտիվ մասնակցությունը տեսնում է համայնքներում մանկապարտեզների՝ առանձին կամ դպրոց-պարտեզի կազմում, գործարկում, հանրակրթական դպրոցների արդիականացում, բարեկարգման առաջարկ, ծեսերի, սովորույթների վերագնահատում, շուրջտարյա ուսումնական ճամբարի գործունեություն: Ողջունեցի հյուրերին, նշելով, որ նոր գաղափարների և մտահղացումների կողմնակից եմ, ուստի և առաջիկայում մարզպետարանի համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկման կդրվի ներկայացված գաղափարը, առաջ քաշած խնդիրները, ապա համատեղ քննարկման արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:
Աղբյուրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջ