«Ինչքան էլ ես սիրում եմ ճամփորդել, երբեք չէի հասցրել գնալ Արատես։ Ու որոշել էի, որ անպայման պետք է լրացնեմ այդ բացը»,- գրում է Արամ Պետրոսյանը։
Ամենաառաջին բանը, որ արեցինք Արատեսում՝ ջոկատների բաժանվելն էր։ Նախօրոք մեզ ցուցակներով 4 ջոկատի էին բաժանել, որոնք, պարզվեց, պետք է ամեն օր տարբեր բաների պատասխանատուները լինեին։ Օրինակ, առաջին ջոկատն առաջին օրը պատասխանատու էր խոհանոցի համար, այսինքն խոհարարին օգնելու, սեղան գցել-հավաքելու։ Մեկ ուրիշ ջոկատը պատասխանատու էր խարույկի փայտ հավաքելու, տարածքի մաքրության համար։
Դասընթացները
Տեխնոճամբարը տեխնոճամբար չէր լինի, եթե չլինեին Ռուբեն Մեսչյանի և Հրաչ Մակարյանի դասընթացները։ Նրանք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենահայտնի մարդկանցից են, ու ինձ համար շատ հաճելի անակնկալ էր իմանալը, որ մեր դասընթացները հենց իրենք են վարելու։ Շատ էր ուրախացել նաև Տիգրանը, որ Ռուբենի հետ ծանոթներ էին ծրագրավորման դասընթացներից։ Ռուբենը իր դասընթացին խոսեց ներածական հիմունքների ոճով։ Որքան հասկացա՝ նրա դասընթացի նպատակն ավելի շատ այնպես անելն էր, որ ավելի ու ավելի շատ սովորողներ հետաքրքրվեն ծրագրավորման հմտությամբ ու սկսեն զբաղվել դրանով։ Խոսեցինք արհեստական բանականության, ծրագրավորման՝ կյանքում օր օրի մեծացող անհրաժեշտության, մասնագիտական կողմնորոշման մասին ու թե ինչպես ծրագրավորումը կարելի է օգտագործել գրեթե ցանկացած ոլորտում։ Կարծում եմ, որ Ռուբենի դասընթացը ակնհայտորեն հաջողված էր, քանի որ բոլորը շատ հետաքրքրված էին ու դասից հետո հարցերի մի մեծ տարափ էր։
Ամբողջական պատումն ու ֆոտոշարերը տես սեբաստացի Արամ Պետրոսյանի բլոգում։